Նորություններ

ՄԵԾ ՈՒ ՏՈԿՈՒՆ ՀԱՅԸ՝ ԴԱՐԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ ԱՎԱՐՏԵՑ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԴԱՐՁԱՎ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ

Մեծ ու տոկուն հայորդին, մայր ժողովրդին համաշխարհային ճանաչում բերած երգիչ, երգահան, գրող, կինոդերասան, հասարակական-քաղաքական գործիչ Շառլ Ազնավուրը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեանը, հրաժեշտ տվեց երկրային կյանքին և դարձավ հավերժի ճամփորդ։ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, Հայոց եղեռնից մազապուրծ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը: Հետագայում Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Միշա Ազնավուրյանը երգում էր ռեստորաններում, մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն Le Caucase («Կովկաս»)։ Միսաք Մանուշյանը՝ Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդը, ով մահապատժի ենթարկվեց ֆաշիստների կողմից 1944 թվականին, Ազնավուրյանների տան մշտական հյուրն էր, և Ազնավուրյաններն աջակցում էին նրան և կնոջը՝ Մելինեին, երբ նրանք թաքնվում էին։ Իր կնոջ հետ միասին, ով դերասանուհի էր, Միշան ծանոթացրեց Շառլին թատրոնի աշխարհի հետ վաղ տարիքից։ Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ արդեն տարված լինելով արտիստի կյանքով։ Նա սկսեց հանդես գալ այդ ժամանակից և շուտով վերցրեց «Ազնավուր» բեմական անվանումը։ 1940-ական թվականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկավ Կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես խմել եմ» (1944թ․), Ժորժ Ուլմերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չէր ընդունում։ Շառլի աստեղային ժամը եկավ 1946 թվականին, երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվեց տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում կայանալիք շրջագայությունների:

Համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ ‹‹Դուք կնվաճեք աշխարը, որովհետև կարողանում եք հուզել››՝ դիմելով Ազնավուրին ասել է Շառլ դը Գոլը։ Շառլ Ազնավուրը շուրջ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի համահեղինակությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են եղել Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997թ․)։ Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին», «Կրակե՛ք դաշնակահարի վրա», «Սատանան և տասը պատվիրանները», ‹‹Հայր Գորիո››, «Արարատ» և այլն։ Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Եղել է Հայաստանի մշտական դեսպանը ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։ 2009 թվականի մայիսի 4-ին Շառլ Ազնավուրը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 2009 թվականի մայիսի 5-ին համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2011 թվականից սկսվել է Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ ‹‹Aznavour en Toute Intimité›› խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ “Aznavour toujours” ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց բարձր հորիզոնական։

Անգնահատելի է նվիրյալ հայորդու ծառայությունները մայր ժողովրդին։

Շառլ Ազնավուրը հայի լավագույն որակները կրող բացառիկ անհատ էր, ով, ի հեճուկս մայր ժողովրդին ու իր ընտանիքին բաժին ընկած ծանր ճակատագրի, չընկրկեց ոչ մի դժվարության առջև և իր տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ դարձավ իրական լեգենդ՝ դարի արվեստագետ։

‹‹Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրի՛ս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»››,-ասել է մեկ այլ մեծ հայ՝ Վիլյամ Սարոյանը:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet