ԸՆՏՐՎԵՑ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն։
ՈԻԽ նախագահի ընտրության սահմանված կարգի համաձայն` առաջադրվեցին և նախընտրական ծրագիր ներկայացրին երկու թեկնածու՝ բուհի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Գարգրցյանը և բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ղարիբյանը։
ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը լսելուց հետո ֆակուլտետների պատվիրակ ուսանողների կողմից ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով, որը և կազմակերպեց փակ, գաղտնի քվեարկություն։
Մրցակցային ընտրության արդյունքում ձայների գերակշռող մեծամասնությամբ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Գարգրցյանը, ուսխորհրդի փոխնախագահ ընտրվեց բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ղարիբյանը, իսկ քարտուղար՝ բնագիտական ֆակուլտետի դեղագործական քիմիայի բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Սահակյանը։
Շնորհավորում ենք ուսանողական խորհրդի նորընտիր նախագահին և ուսխորհրդի նոր կազմին ու մաղթում արդյունավետ աշխատանք, ուսանողների իրավունքների ներկայացմանը, սովորողների ինքնակառավարմանը, ուսանողական կյանքը հետաքրքիր ու բովանդակալից դարձնելուն միտված նորանոր ձեռնարկներ։