ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ
Անգնահատելի է ուսուցչի դերն անհատի ձևավորման ու կայացման գործում։
Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում նշում են Ուսուցչի համաշխարհային օրը: 1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է որպես ուսուցչի և կրթական համակարգի բոլոր աշխատակիցների մասնագիտական օր:
Ուսուցչի օրը նշելու համար պատմական նախապայման է հանդիսացել ուսուցչի կարգավիճակի մասին հատուկ միջկառավարական գիտաժողովը, որը տեղի է ունեցել 1966թ.-ի հոկտեմբերի 5-ին, Փարիզում: Գիտաժողովի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ստորագրել են «Ուսուցչի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականներ», որը ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ խորին ակնածանքով և երախտագիտությամբ է վերաբերվել ուսուցչին, գնահատել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և դաստիարակության հույժ կարևոր և պատասխանատու առաքելությունը:
Գավառի պետական համալսարանը Ուսուցչի օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին, բոլոր դասախոսներին, կրթական հաստատությունների մանկավարժական անձնակազմի անդամներին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ հայ դպրության դարավոր ավանդույթների պահպանման ու նորովի կենսագործման, ազգային և համամարդկային արժեքներ կրող, բազմակողմանի զարգացած, հայրենասեր ու խելացի սերնդի դաստիարակության։