ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ‹‹ԱՐԵՆԻ›› ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանի նախաձեռնությամբ ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվեց հերթական մեկօրյա արտադրական պրակտիկա:
Նման պրակտիկաները կարևորվում են ուսանողների գործնական կարողությունները զարգացնելու առումով:
ԳՊՀ ուսանողներն այցելեցին ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղ` Սիմոնյանների ընտանիքի կողմից հիմնադրված «Արենի գինու գործարան» ՓԲԸ:
Արենի գինու գործարանի համահիմնադիր տիկին Գայանեի ուղեկցությամբ ուսանողները ծանոթացան գինու արտադրման գործընթացի բոլոր փուլերին, գործարանում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին, գինու արտադրման առանձնահատկություններին:
«Ներկայումս օգտագործվող հումքը սեփական արտադրության խաղողն է: Պտուղների թագուհի խաղողը երկար ճանապարհ է անցնում մինչև հայոց նահապետական գինու վերածվելը: Լավ գինի ստանալու համար կարևոր է հումքի բարձր որակը, իսկ լավորակ խաղող ստանալու հիմնական պայմաններից մեկը այն նախապես ճիշտ մշակելն է»,- նշեց տիկին Գայանեն՝ մանրամասն նկարագրելով խաղողի մշակման փուլերը, ապա արտադրության նախապատրաստման և տեխնոլոգիական գործընթացները:
Շրջայցը շարունակվեց գինու պահեստավորման սրահում, որտեղ ուսանողները ծանոթացան գինու պահպանման պայմաններին:
Բազմաթիվ հարցերից ու հանգամանալից պատասխաններից հետո ուսանողներն արձանագրեցին, որ գործարանի արտադրանքը մրցունակ է, սիրված ու պահանջված սպառողների կողմից, քանի որ այն պատրաստվում է «Արենի» տեսակի խաղողից, խնամքով և ճիշտ տեխնոլոգիայով։ Ուրախալի է, որ արտադրանքն արտահանվում է ոչ միայն Ռուսաստան, այլև Եվրոպա, Չինաստան ու Ավստրալիա:
Գործարանում ուսանողների ուսուցողական շրջայցն ավարտվեց «Արենի» գինու մասին պատմող ֆիլմի դիտումով:
Այնուհետև ուսանողները եղան Նորավանքում և Նորավանքի կիրճում, Արփա գետի ափին գտնվող Արենիի քարանձավում: Տպավորիչ էր Արենիի հնավայրը, որը հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անունով: Այնտեղ 2010 թ.-ին հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը, 2011 թ.-ին՝ կանացի կիսաշրջազգեստ՝ վերագրված մ.թ.ա. 3900 թ.-ին, իսկ 2011 թ.-ի հունվարից հայտնի է նաև աշխարհի առաջին գինու գործարանով: Այսպիսով, գեղեցիկ ու հագեցած օրն ուսանողների համար ունեցավ նաև հայրենաճանաչողական նշանակություն։