ԳՊՀ «ՆԱԻՐԻ» ԹԻՄԸ` ԴԱՏԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Ս. թ. hոկտեմբերի 6-ին Աղվերանում մեկնարկեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից արդեն երրորդ տարին անցկացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մրցույթն անցկացվեց երկու փուլով՝ գրավոր, որի ընթացքում ուսանողներն առաջադրված խնդրի վերաբերյալ շարադրում են իրենց փաստարկված դիրքորոշումները՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերի տեսանկյուններից, և բանավոր, որի ընթացքում միմյանց հետ մրցում են գրավոր փուլը հաղթահարած և առավելագույն միավորներ վաստակած թիմերի ներկայացուցիչները:
Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Արցախի տարբեր բուհեր ներկայացնող 10 թիմեր։
Գրավոր փուլը հաջողությամբ հաղթահարեցին Գավառի պետական համալսարանի «Նաիրի», Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «BONA FIDE» և «Ավրորա», Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ 1» և «ԵՊՀ 2», ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» թիմերը։
ԳՊՀ պատվիրակներն էին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Անգելինա Պետրոյանը, նույն բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Աստղիկ Տեր-Գասպարյանը, մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Գոհար Խաչատրյանն ու Մարիամ Հակոբյանը։ ԳՊՀ թիմի ղեկավարն է բուհի իրավագիտության ամբիոնի դասախոս Վարդան Ղաջոյանը։
ԳՊՀ-ն ներկայացնող «Նաիրի» թիմն արժանացավ ՀՀ դատավորների միության կողմից սահմանված «ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների նշանակության կարևորման և լավագույն կիրառման համար» մրցանակին։
Շնորհավորում ենք ԳՊՀ ուսանողներին և մաղթում հետագա հաջողություններ։