‹‹ԱՊՐԱԾ ԵՎ ՉԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐ››-Ը՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
Ս. թ. հոկտեմբերի 13-ին Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի ակադեմիական խորհրդատու Լալա Մկրտչյանի նախաձեռնությամբ և համակարգչային ճարտարագիտության բաժնի 1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ գրքի քննարկում:
Քննարկվեց հայ արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը, որը հեղինակը նվիրել էր իր եղբոր՝ Կարո Պետրոսյանի հիշատակին։
Քննարկման սկզբում մասնակիցները ներկայացրին հեղինակի կյանքը, ստեղծագործական գործունեությունը, ապա անցան վիպակի վերլուծությանը, անդրադարձան հիմնական կերպարներին` գլխավոր հերոս, լրագրող Լևոնին, ով փորձում էր կյանքն ապրել՝ սեփական սկզբունքներին հավատարիմ, Հասմիկին և Սմբատին` գյուղում ապրող երիտասարդների, որոնք ինքնասպան եղան, դառնալով տիրող վարք ու բարքերի զոհը, Լևոնի չորս դասընկերներին…
Ուսանողների կարծիքով՝ հեղինակի հիմնական ուղերձը հետևյալն է․ մարդու ապրած բոլոր տարիները չէ, որ պետք է ապրած համարել, որովհետև գոյատևել կյանքի հորձանուտում, դեռևս չի նշանակում ապրել: Ապրած կյանքը կազմում են իմաստավորված տարիները։
Քննարկում ծավալվեց անցյալի և ներկայի բարքերի, ավանդույթների և սովորույթների վերաբերյալ։ Ուսանողների մի մասը գտնում էր, որ հարազատներից յուրաքանչյուրն իր կյանքով պիտի ապրի, իսկ մյուս մասի կարծիքով ամենակարևորը մարդկային շփումն է, և մարդ պետք է անպայման իր ժամանակից մաս հատկացնի հարազատների համար:
Քննարկման ավարտին բոլորը համակարծիք էին, որ անձը պետք է լավ մարդ, լավ հայր կամ մայր, օրինակելի զավակ, իսկական ընկեր լինի և պետք է կարողանա իր ժամանակը տնօրինել այնպես, որ ժամանակ գտնի հարազատների համար, որպեսզի հետո չափսոսա ասված և չասված խոսքերի, արված և չարված քայլերի, չապրած և ոչ լիարժեք ապրած տարիների համար․․․