ԿԱՅԱՑԱՎ ԵՄ «ABIONET» ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ
Ս. թ․ հոկտեմբերի 10-ից 13-ը Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում Հելենիկ միջազգային համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «ERASMUS+ ABIONET. Կենսարդյունաբերության գիտության և տեխնոլոգիաների գերազանցության հայկական ցանցի ձևավորում» ծրագրի հերթական աշխատաժողովը։
Աշխատաժողովին ներկա էին ներկայացուցիչներ ծրագիրը համակարգող Հելենիկ միջազգային համալսարանից, եվրոպական գործընկեր բուհերից` Գերմանիայի Դրեզդենի տեխնիկական համալսարանից, Իտալիայի Տեռամոյի համալսարանից, Պորտուգալիայի կաթոլիկե համալսարանից, ծրագրի անդամ հանդիսացող հայաստանյան բուհերից։
Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեցին բնագիտական ֆակուլտետի փոխդեկան Թերմինե Խաչիկյանն ու կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Մարինե Հովհաննիսյանը։
Օրակարգի համաձայն՝ ծրագիրը համակարգող բուհի ներկայացուցիչներն անցկացրին կատարված աշխատանքների և միջնաժամկետ զեկույցի մշտադիտարկում։ Հայաստանյան բուհերի պատվիրակները ներկայացրին Երևանի պետական համալսարանում, Գավառի պետական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում և Շիրակի պետական համալսարանում համապատասխան կրթական ծրագրերի արդիականացման և կրթական նոր ծրագրերի մշակման ու ներդրման հետ կապված աշխատանքների ընթացքն ու ձեռքբերումները։
ԳՊՀ-ում իրականացվող «Կենսաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի վերանայված տարբերակը ներկայացրեց Մարինե Հովհաննիսյանը։
Կարևորվեց ծրագրի ֆինանսավորմամբ Հայաստանի բուհերի կողմից լաբորատոր սարքավորումների և տեխնիկական միջոցների ձեռքբերումը։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին առաջիկայում սպասվող վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը և ծրագրի իրականացման որակի ապահովմանը վերաբերող հարցեր։
Կազմակերպվեց ուսումնական այց՝ տարածաշրջանում ամենախոշոր «Venus» գործարան, որտեղ իրականացվում է դեղձի, այլ պտուղների մրգահյութերի արտադրություն։
Աշխատաժողովի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր, և պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա անելիքների վերաբերյալ։