ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ REFINE» ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ
Ս․ թ. հոկտեմբերի 16-21-ըՆիդերլանդների Թագավորության Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունեցավ ԵՄ «Էրազմուս+ REFINE» ծրագրի հերթական աշխատանքային հանդիպումը՝ իրականացված ծրագրային գործողությունների ամփոփման և հաջորդ փուլերի պլանավորման նպատակով:
“REFINE” ծրագիրը ներառում է բուհեր Հայաստանից ու Մոլդովայից և նպատակ ունի բարեփոխել մագիստրոսական ծրագիրը «ֆինանսներ» մասնագիտության գծով:
Հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ Ամստերդամի կիրառական գիտությունների, Կոշիցեի տեխնիկական, Վիեննայի կիրառական գիտությունների և Նիցցայի Սոֆիա Անտիպոլիս համալսարաններից, ինչպես նաև Մոլդովայի և Հայաստանի վեց բուհերից:
Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեցին տնտեսագիտական ֆակուլտետի կառավարման և ֆինանսներ ամբիոնի դասախոսներ Գայանե Խաչատրյանը և Աստղիկ Հովեյանը։
Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային փաթեթի համակարգող ներկայացրեց արձանագրված հիմնական ելքային ցուցանիշները, առկա ձեռքբերումներն ու ապագա հնարավոր զարգացումները:
Հայաստանի և Մոլդովայի բուհերի ներկայացուցիչները, այդ թվում՝ ԳՊՀ դասախոսները, ներկայացան հաշվետու շնորհանդեսներով:
Աշխատաժողովի առանցքայի թեման կայունության պլանի քննարկումն էր, ըստ որի՝ բուհը կարող է իրականացվող ռազմավարության միջոցով ապահովել իրազեկության աճ դիմորդների շրջանում, լավագույնս ներկայացնել համալսարանը՝ հիմնվելով մրցակցային առավելությունների վրա և օգտագործելով առկա հնարավորությունները:
Աշխատաժողովի ընթացքում եվրոպական համալսարանների պատվիրակները ներկայացրին իրենց հաջողված փորձը, ինչն օգնեց համեմատել ու հասկանալ բուհի մարքեթինգային քաղաքականության մեջ նոր գործիքների հնարավոր կիրառման ուղղությունները: