ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Այսօր հաշվետվություններով հանդես եկան Եվրոպական միության՝ «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրին մասնակցած ԳՊՀ ուսանողները՝տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արփի Միրիբյանը և ֆինանսներ բաժնի 4-րդ կուրսի ուսանող Գարիկ Հովեյանը, ովքեր սովորել են Իտալիայի Սապիենզա և Լեհաստանի Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարաններում, բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտություն և բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժինների 4-րդ կուրսի ուսանողներ Բագրատ Ավետիսյանը և Սյուզաննա Մալաքյանը, ովքեր սովորել են Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում, ինչպես նաև բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն և բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտություն բաժինների 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներ Լենա Հակոբյանն ու Նարեկ Հարությունյանը, ովքեր ուսանել են Բուլղարիայի Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում։
Հաշվետու-հանդիպմանը ներկա էին բուհի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ։
ԳՊՀ ուսանողները շնորհանդես-հաշվետվություններով ներկայացրին Եվրոպայի համալսարաններում ուսումնառության իրենց փորձը, ձեռք բերած արդյունքները, անդրադարձան բուհերի ուսումնական գործընթացներին, գործող ֆակուլտետներին և այն դասընթացներին, որոնք ուսումնասիրել էին հյուրընկալող բուհերում:
Նրանք կարևորեցին Գավառի պետական համալսարանի կողմից ուսանողներին կրեդիտային շարժունության լայն հնարավորություններ ընձեռելու փաստը՝ երախտիքի խոսք ուղղելով իրենց մայր բուհին ակտիվ միջազգային
համագործակցության կազմակերպման համար և հորդորեցին մյուս ուսանողներին ևս դիմել ԳՊՀ միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերին։